ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը իրեն առեւանգելու մեղադրանքով ձերբակալված Միքայել Սահակյանին եւ Սերգեյ Ավանեսյանին չի տեսել եւ չի կարող ասել՝ ճանաչում է նրանց, թե ոչ :
«Դեպքի մասնակիցները երկու տասնյակի չափ են եղել, չի բացառվում, որ այդ ձերբակալվածներն էլ նրանց մեջ լինեն: Այդ անուններն ինձ ոչինչ չեն ասում, նախաքննության ընթացքում պարզ կդառնա: Ոստիկանության հաղորդման մեջ եմ ձերբակալվածների անունները կարդացել, որոնք ինձ ոչինչ չեն ասում: Ոստիկանության դեպքի մասնակիցների անուններ դեռ չեմ տվել, բայց կան անունները, որոնք կասվեն դեռ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա։





























