Նոր Հարկային օրենսգրքի նախագիծը, մեղմ ասած, անհաջող է: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ ՓՄՁ-ի համար գլխավոր թերություններից մեկը շրջանառության հարկի տարածման կրճատումն է (շեմը տարեկան շրջանառության 115 մլն դրամից կիջեցվի 40 մլն դրամի): Արդյունքում՝ ԱԱՀ-ի կվերադառնա մոտ 10 հազար տնտեսվարող սուբյեկտ: Պետությունը ձգտում է դրան, քանի որ ԱԱՀ-ի վարչարարությունն ավելի հեշտ է, պետք չէ ֆիքսել բիզնեսի շրջանառությունը, ապրանքի մնացորդը եւ այլն: «Իսկ հիմա բիզնեսը փաստաթղթերի հետ կապված դժվարություններ կունենա: Դրանից կտուժի հանրապետության ներկա եւ ապագա միջին խավը: 204 հազար դրամ աշխատավարձից սկսած՝ եկամտահարկը կաճի: Հարկային ծառայությունն արդարացնում է դա, թե դա անգամ միջին աշխատավարձից բարձր է: Բայց այսօր այն 187 հազար դրամ է կազմում, իսկ 2-3 տարուց կարող է դառնալ 350 հազար: Եվ ի՞նչ: Կտուժի միջին խավը»,- նշել է պատգամավորը:



























