Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ այսօր՝ հունիսի 10-ին, դադարեցվել է, սակայն արդեն 4 ժամից ավելի է նա ազատ չի արձակվել: NEWS.am-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իր պաշտպանյալը պետք է քննիչի որոշումից հետո անհապաղ ազատ արձակվեր, սակայն, տեխնիկական պատճառներով նրան մինչեւ հիմա ազատ չեն արձակել:
«Արդարացված մարդը մինչեւ հիմա գտնվում է մեկուսարանում: Ազատ արձակելու որոշումը պետք է դատախազը կայացնի ու հիմա դատախազությունը երեւի ժամանակ չունի այդ որոշումը կայացնելու: Ոչ ոք իրավունք չունի արդարացված մարդուն մեկուսարանում պահելու: Հիմա արդեն մնում է, որ դիմեմ քրեական գործ հարուցվի՝ նրան ապօրինաբար ազատությունից զրկելու համար: Հիմա մի քիչ էլ կսպասենք ու կորոշենք՝ ինչ անել»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ Արա Բուդաղյանը 11 ամիս անազատության մեջ մնալուց հետո է միայն հանցակազմի բացակայության հիմքով ազատ արձակվում, ով պետք է տա դրա պատասխանը, փաստաբանը պատասխանեց. «Այն, որ ազատ է արձակվել, գնահատում եմ դրական, բայց նա այդքան երկար մեկուսարանում չպետք է պահվեր, պետք է շուտ ազատ արձակվեր: Մեզ համար այժմ այդ հարցն այդքան էլ առաջնային չէ, էդ հարցին ես առանձին կարգով կանդրադառնամ, այդպես չեմ թողնի: Հենց հիմա իմ պաշտպանյալը լրիվ անմեղ մեկուսարանում է, կալանքի տակ, այդ հարցն է առաջնային»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:





























