Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանի խափանման միջոցը փոխվել է:
Այս առնչությամբ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղեւոնդյանին եւ Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հենրիկ Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը եւ փոփոխել մեղադրանքը եւ որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու եւ միեւնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում եւ հունիսի 10-ին որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Արա Բուդաղյանի եւ Վիտալի Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վիտալի Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին եւ Վ. Մինասյանին:
Նշենք, որ այս պահի դրությամբ Արա Բուդաղյանին դեռ ազատ չեն արձակել:





























