Հունիսի 15-ին կկայանա ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հերթական նիստը: Անկախ փորձագետների մի մասը  կարծում է, որ որոշում կկայացվի բարձրացնել զեղչման դրույքը, մյուսները, որ այն նույնը կմնա: Միաժամանակ շատ երկրներում անհամբերությամբ սպասում են այդ օրվան: Մասնավորապես դրա նախաշեմին արդեն ի հայտ են գալիս համաշխարհային շուկաների առաջին արձագանքները:

Ընդամենը մեկ օրինակ: Հունիսի 8-ի դրությամբ Brent տեսակի նավթի գները տարեսկզբից հասել են առավելագույն ցուցանիշին: Դրան հաջորդած փոքր անկումը կարող է պայմանավորված լինել ԴՊՀ դրույքի հնարավոր բարձրացմամբ: Անկասկած, եթե այդ ակնկալիքներն իրականանան, անհապաղ կարձագանքեն մի շարք երկրների արժութային շուկաները:

Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, փետրվարի կարճաժամկետ թռիչքից հետո դոլարը «թուլանում» էր: Բայց, ոչ միանման: Հունվարից մայիս Ռուսաստանում դոլարի փոխարժեքը նվազել է 14 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 1.6 տոկոսով: Ըստ երեւույթին, ի թիվս այլ գործոնների (օրինակ՝ նավթը Ռուսաստանի համար), ազդել է նաեւ բազային մակարդակը՝ դոլարի փոխարժեքը հունվարին:

Նշենք, որ հունվարի դրությամբ Հայաստանում 2 տարվա ընթացքում դոլարը կայունացրել է դիրքերը 1.2 անգամ, իսկ Ռուսաստանում՝ մոտ 2.3 անգամ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում դոլարի փոխարժեքի բարձրացմամբ փորձում էին մասամբ փոխհատուցել հում նավթի արտահանման գների անկումից առաջացած վնասը:

Սակայն օրերս ՌԴ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ այլեւս անմիջական կախվածության մեջ չէ նավթից, այլ կախված է տարբեր գործոնների ազդեցությունից: Դրանց թվում է ԱՄՆ ԴՊՀ սպասվելիք որոշումը: Այլ կերպ ասած՝ եթե դրույքը բարձրանա անգամ տոկոսի մի մասով, պետք է սպասել դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացում:  Հասկանալի է, որ դա կանդրադառնա նաեւ մեր տնտեսության վրա:

Կշարունակվեն հայրենական արտադրանքների արտահանման խնդիրները: Դրանից բացի, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ժամանակ փոխանակման (ռուբլուց դոլար) վնասը կմեծանա:  Դոլարն անխոս կամրապնդի իր դիրքերը Հայաստանում, բայց որքանով, մնում է միայն գուշակել: Մինչ այդ, ինչպես երեւում է ստորեւ բերված գրաֆիկից, թրենդը դոլարի նկատմամբ դրամի ամրապնդման միտում էր նշում: