Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Ռազմիկ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 10-ին, ազատ է արձակվել: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը եւ 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Սոնան, նշել էր, որ Ռազմիկ Ավետիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ սրտի լուրջ խնդիրներով: Նա նշել էր, որ իր եղբորը շտապ վիրահատություն է հարկավոր եւ լուրջ բուժօգնություն, հակառակ դեպքում, եղբոր կյանքը վտանգի տակ է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել:




























