Էրդողանը պետք է իրականության զգացողություն ձեռք բերի եւ հասկանա, որ չի կարողանա ապրել առանց Գերմանիայի: Այս մասին ասված է Մյուրիել Միրակ-Վայսբախի՝ Armenian Mirror-Spectator պարբերականում հրապարակված հոդվածում: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Վերջապես գերմանական խորհրդարանը, երկարամյա լռությունից հետո, հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Տեքստը թերություններ ունե՞ր: Իհարկե: Եվ, ամեն դեպքում, քվեարկությունը կարեւոր էր:

Զուգադիպություն էր, թե՝ ոչ, բայց Բունդեսթագը քվեարկության հավաքվեց հունիսի 2-ին. 1921 թվականի նույն օրը սկսվեց Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:

Ողջունելով բազմաթիվ պատվավոր հյուրերին, այդ թվում՝ Հայաստանի դեսպանին եւ Թուրքիայի ներկայացուցիչներին, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը քննարկումը բացեց հայտարարությամբ. խորհրդարանը պատմաբանների հանձնախումբ եւ, առավել եւս, դատարան չէ: Նա, միաժամանակ, հայտարարեց, որ խորհրդարանը չի խուսափի անհարմար թեմաներից, այդ թվում՝ ցեղասպանության թեմայից, որում մեղավոր են նաեւ Օսմանյան կայսրության դաշնակից գերմանացիները:

«Մենք՝ գերմանացիները, սեփական պատմության մութ էջերից, թերեւս, մյուսներից ավելի գիտենք, որ պատմական իրադարձություններին դիմելը կարող է շատ ցավոտ լինել: Գերմանացիները պատմության հանդեպ ինքնաքննադատ եւ ազնիվ վերաբերմունքի օրինակ դարձան»,- ընդգծեց Լամերտը:

Ի պատասխան բողոքի ակցիաներին եւ Բունդեսթագի՝ թուրքական ծագմամբ պատգամավորների հասցեին թուրքական մի շարք կազմակերպությունների սպառնալիքներին՝ Լամերտը հայտարարեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են:

Մեկը մյուսի հետեւից պատգամավորներն իրենց ելույթներում հայտարարեց, որ մտադիր չեն Թուրքիան մեղադրյալի աթոռին նստեցնել, եւ որ այս բանաձեւը մեղադրական դատավճիռ չէ: Բայց Բունդեսթագը սեփական եզրահանգումներն է անում եւ թույլ չի տա իրեն վախեցնել:

«Կանաչների» կուսակցության ղեկավար եւ բանաձեւի գլխավոր նախաձեռնող Ջեմ Օզդեմիրն ընդգծեց, որ գերմանացիները չեն ցանկանում որեւէ մեկին բարոյականության դաս տալ, բայց կարեւոր են համարում սեփական պատմության հետ առերեսումը:

Ընդգծելու համար, որ Գերմանիան գիտեր զանգվածային վայրագությունների մասին, Օզդեմիրը մեջբերեց Կոնստանդնուպոլսում գերմանական դեսպանության եկեղեցական ներկայացուցիչ ֆոն Լյուտիհաուին. «Արեւելյան նահանգներում, այսինքն՝ բացի Կոնստանդնուպոլսից եւ Զմյուռնիայից եւ արեւմտյան այլ շրջաններից, բնակչության 80-90%-ը, իսկ տղամարդ բնակչության 98%-ն այլեւս չկա: Ինչ վերաբերում է հոգեւորականությանը, ապա այն ոչնչացված է»:

Օզդեմիրն ընդգծեց, որ եթե Գերմանիան այդ հանցագործությունների մեղսակիցն էր նախկինում, դա չի նշանակում, որ հիմա պետք է դրա ժխտման մեղսակիցը դառնա:

Ելույթ ունեցողները նշեցին Հոլոքոստի ճանաչման եւ Իսրայելի հետ հաշտեցման հարցում Գերմանիայի փորձի մասին:

Նախագահ Էրդողանն ամենաշատը հարձակվեց թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորների վրա՝ նրանց կոչելով Քրդական աշխատավորական կուսակցության մեղսակիցներ: Ստամբուլում ելույթի ժամանակ նա, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Ջեմ Օզդեմիրին, բայց նրա անունը չնշելով, ասաց. «Ահա նոր ինքնահավան խելոքն ինչ-որ բան է պատրաստել եւ ներկայացրել գերմանական խորհրդարան: Ոմանք ասում են, որ նա թուրք է: Բայց ի՞նչ թուրք է նա: Նրա արյունը պետք է ստուգել լաբորատորիայում»:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն այդպիսի խորհրդարանականների մասին Twitter-ում գրեց. «Մարդիկ, ովքեր դաստիարակված են նման անպետք մայրական կաթով, այդպիսի անառողջ արյունով, երբեք չեն կարող ներկայացնել թուրք ժողովրդին»:

Իսկ Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեքը 11 անձանց պատկերող պաստառ ներկայացրեց, որը տարածվեց համացանցում, իսկ օգտատերերը կոչ արեցին հարձակվել այդ պատգամավորների վրա:

Գերմանիայի թուրք խորհրդարանականները սպառնալիքները լրջորեն են ընկալում: «Կանաչների» խմբակցությունից Օզջան Մութլուն հունիսի 5-ին հեռուստադիտողներին հայտարարեց, որ վախենում է իր կյանքի համար: Վտանգը նրանում է, որ կգտնվեն խելագարներ, որոնք նման հայտարարությունները վերեւից եկող հրահանգ կհամարեն: Պատգամավորի խոսքով, այդ կերպ Թուրքիայում շատերին են սպանել:

Ինչ վերաբերում է Ջեմ Օզդեմիրին՝ Էրդողանի աչքերում բոլոր չարիքների մեղավորին. նա, ըստ լուրերի, խորհրդակցություններ է անցկացրել Գերմանիայի անվտանգության մարմինների հետ, եւ հիմա նրա նստավայրն ուժեղացված հսկողության տակ է:

Աջ ծայրահեղականությունը Գերմանիայում նորություն չէ: Այն, ցավոք, գոյություն ունի նաեւ Թուրքիայում, ինչպես եւ գերմանական թուրքերի շրջանում: Ամեն դեպքում, Օզդեմիրի խոսքով, չի վախենում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներից կամ սպանությունից:

Մնում է հուսալ, որ Անկարայի հռետորաբանությունը բռնության պատճառ չի դառնա, եւ որ գերմանացի քաղաքական գործիչները, ինչպիսի ազգային պատկանելություն էլ ունենան, կպահպանեն խոսքի ազատության իրավունքը:

Իսկ ինչ վերաբերում է թուրք-գերմանական հարաբերություններին, որոնք հաճախ ներկայացնում են որպես Էրդողան-Մերկել դուետ: Հաշվի առնելով Էրդողանի անձը՝ ամեն ինչ հնարավոր է: Նա կարող է հետեւել իր նարցիսիզմին եւ սպառնալիքի տակ դնել Գերմանիայի եւ Եվրամիության հետ իր երկրի հարաբերությունները: Կամ էլ կհասկանա, որ Թուրքիան Գերմանիայի կարիքն ունի նույնքան, որքան Գերմանիան՝ Թուրքիայի: Էրդողանը պետք է հասկանա, որ առանց Գերմանայի հետ գործընկերության իր երկրի տնտեսությունը կփլուզվի, վերջ կդրվի օտարերկրյա ներդրումներին ու առեւտրին (էլ չխոսենք տուրիզմի մասին): Իսկ դրանից հետո կնվազի նրա քաղաքական աջակցությունը եւ կմարեն ցմահ նախագահության շուրջ նրա հավակնությունները:

Չնայած բռնակալի համար դժվար է դա խոստովանել, բայց նա չի կարող է քաղաքականության մեջ առանձին գոյություն ունենալ:

Նա կարող է ապրել առանց Անգելա Մերկելի, բայց 100%-ով պարզ է, որ չի կարողանա ապրել առանց Գերմանիայի»: