Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանի հակաօդային պաշտպանության վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռեւս 20 տարի առաջ։ Այսօր այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։
«90-ական թվականներին, երբ սկսվեց համատեղ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, արդեն խոսվում էր նաեւ համատեղ հակաօդային պաշտպանություն ստեղծելու մասին։ Մենք ունենք հայկական օդային պաշտպանություն, որն առայժմ ավտոնոմ է, մեր հրամանատարական սպայական կազմն է սպասարկում, այն աշխատելու ու գործարկվելու է միայն ու միայն ՀՀ զինվորականների կողմից»,-ասաց Սամվել Նիկոյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի օդային պաշտպանությունը ընդգրկված չլինելուն, ասաց. «Այո, այդ համաձայնագիրը Հայաաստանի Հանրապետության հետ է կապված։ Լեռնային Ղարաբաղը դա առանձին է, բայց մենք հոգալու ենք Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունը, ինքը ունի իր օդային պաշտպանությունը, ՀՀ-ն հոգում է ԼՂՀ հակաօդային պաշտպանության անխափան աշխատանքի եւ հնարավարությունները խորացնելու մասին .... եւ եթե այս պահին մենք ուղիղ ձեւով պնդենք, որ սա ծառայելու Արցախի հանրապետությանը, մենք դա չենք անի, բայց եկեք չբացառենք, որ դա այդպես է լինելու։ Այս համաձայնագրով հանդերձ ավելի լայն հնարավարություն կունենանք օգնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հակաօդային պաշտպանությանը, դա միանշանակ է»։
Սամվել Նիկոյանը պնդեց, որ այս համաձայնագիրը ոչ մի առնչություն չունի Հայաստանին 200 միլիոն դոլարի զենք տրամադրելու հայ-ռուսական վարկային համաձայնագրի հետ, ինչի մասին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
«Ես երբ խոսքս սկսեցի, ասացի, որ Ռուսաստանի հետ հակաօդային համատեղ պաշտպանություն սկսելու վերաբերյալ բանակցությունները, գաղափարը ծնվել է դեռեւս 1994 թվականից։ Այն ժամամակ վստահաբար չի եղել 200 միլիոն դոլարի վարկային ծրագիրը։ ՀՕՊ համաձայնագիրը որեւիցէ առնչություն չունի այն համաձայնագրի հետ, որը կնքվել է ու, իմ կարծիքով, կիրականացվի»,-ասաց պատգամավորը։




























