Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով դանակահարված 25-ամյա Վահագն Թորոսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդն ունի կրծքավանդակի, ստոծանիի եւ ստամոքսի վնասվածքներ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությւոնը հայտնել էր, որ Վահագն Թորոսյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 28-ամյա բնակիչ։ Հունիսի 10-ին՝ ժամը 00.40-ի մոտակայքում 28-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն, նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով դանակահարվել է Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: Պարզվել է, որ տուժածը դանակահարվել է Վանաձորի Երեւանյան 90 շենքի հարեւանությամբ գտնվող խանութի մոտակայքում՝ վիճաբանության ընթացքում: Թե ինչ հանգամանքներում ու ովքեր են դանակահարել երիտասարդին, դեռեւս պարզ չէ:




























