Գյումրիի ավագանու ընտրություններում «Հանրապետական կուսակցության» ցուցակը  գլխավորող թեկնածուի հարցի վերաբերյալ քննարկում չեմ լսել։  NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար  Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ կանգ են առել գործող քաղաքապետի թեկնածության վրա։

«Ես նման քննարկում չեմ լսել, կհասնենք այդ օրվան, քննարկենք, ճիշտ ձեւը կգտնենք ու դրանով կառաջնորդվենք։ Դեռ ժամանակ ունենք»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Ի հեճուկս Սուքիաս Ավետիսյանի պնդման՝  որոշ ՀՀԿ-ականներ վստահեցնում են, որ քննարկումները կանգ են առել Սամվել Բալասանյանի թեկնածության վրա։ Մինչ այդ մշակվող սցենարները չեղյալ են հայտարարվել, նպատակահարմար է համարվել գնալ կարճ ճանապարհով, առավել եւս որ թեժ մրցակցություն է սպասվում։

Նշենք, Գյումրիում եւ Վանաձորում նոր Ընտրական օրենսգրքի համաձայն լինելու է ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություն, թեկնածուները պետք է առաջադրվեն որեւէ կուսակցության ցուցակով։  Քաղաքական ուժերի ակտիվությունից ենթադրվում է,  որ թեժ ընտրություններ են լինելու։ Մասնակցելու են մի շարք խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր։ Այդ մասին առայժմ հայտարարել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։