Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ իշխանության միջեւ կոնսենսուս կարծես թե նշմարվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը մինչ այդ պնդում էր, որ առանց կոնսենսուսի էլ հնարավոր է միջազգային դոնորներից ստանալ տեխնիկական աջակցություն։ 

«Կառավարության եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ եղավ պայմանավորվածություն, որ անգամ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո մենք կաշխատենք մի քանի առանցքային խնդիրների շուրջ կոնսենսուս ձեւավորելու ուղղությամբ։ Կարծես թե նշմարվում է կոնսենսուսի ձւավորումը։ Մեզ համար առանցքային մի խնդրի վերաբերյալ, որ ընտրություններին մասնակցեն մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով, այդ խնդրի վերաբերյալ կարծես թե որոշակի կոնսենսուս ձեւավորվում է»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ տասը մատի մատնահետքը նախապես գրանցելու եւ հետագայում նույնականացում իրականացնելու հարցի շուրջ եւս կոնսենսուս նշմարվում է։ Նշենք, որ սա Հայ ազգային կոնգրեսի առաջարկն էր։

«Որոշակի կոնսենսուսի կգանք, որ մինչեւ ընտրական փուլը հնարավոր լինի բազայում ունենալ Հայաստանի Հանրապետության ընտրողների մատհաետքերը։ Հիմա արդեն լավատես եմ, որ մենք գնում ենք կոնսենսուսի ձեւավորմանը եւ չեմ բացառում, որ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայում հարցը կքննարկվի»։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, երբ քվեարկության դրվեց Ընտրական օրենսգիրքը եւ ԲՀԿ-ականները կողմ ու ձեռնպահ քվեարկեցին այն դեպքում, երբ կոնսենսուս չկար եւ վերոնշյալ այս առաջարկը ընդունված չէր, Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի մասին չի էլ մտածում եւ քննարկումների մեկնարկից սկսած նման ակնկալիք չի ունեցել։

Նա պնդում էր, որ առանց կոնսենսուսի էլ իրենք սկսել են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունները տեխնիկական աջակցություն ստանալու ուղղությամբ։ Մինչդեռ ընդդիմադիրները պնդում էին, որ հենց կոնսենսուսն է այն երաշխիքը, որ միջազգային կառույցները տեխնիկապես կաջակցեն վերահսկողական մեխանիզմները իրագործելու հարցում։

Նշենք, որ այս քննարկումների արդյունքում, եթե կողմերի միջեւ կոնսենսուս ձեւավորվի, այս փոփոխությունները կընդգրկվեն Ընտրական օրենսգրքում։