Ժամանակն է, որ ԱՄՆ-ն օրինակ վերցնի Գերմանիայից եւ դադարի պատմական ճշմարտությունը ծառայեցնել րոպեական շահերին: Այս մասին գրում է Boston Globe-ը: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երբ գերմանական խորհրդարանը վերջերս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց, թուրքական կառավարությունը սովորական կերպ արձագանքեց. հիստերիա բարձրացրեց: Թուրքիայի բռնակալ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրեց, որ քվեարկությունը լուրջ հետեւանքներ կունենա: Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ «որեւէ միջադեպ մեզ չի ստիպի խոնարհել մեր գլուխները»: Թուրք դեսպանը հետ կանչվեց Բեռլինից: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Գերմանիան փորձում էր նվազագույնի հասցնել սեփական ցեղասպանական հանցագործությունները:
Ոչ մի նման բան: Բանաձեւը ճանաչեց գերմանական Ռեյխի մասնակցությունը 1915-17 թվականների իրադարձություններին, երբ Գերմանիային Թուրքիայի հիմնական դաշնակիցն էր: Տեքստում 6 անգամ բացահայտորեն հիշատակվում է Հոլոքոստի մասին: Գերմանիայի կառավարությունը երբեք չի լռել նացիստական ցեղասպանության մասին: Այդ պատճառով նրա դատապարտումը բարոյական մեծ ուժ ունի:
Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, եւ Բունդեսթագի քվեարկությունը չէր կարող չփչացնել դրանք: Եվ Անգելա Մերկելին ամենաքիչը զայրացած Էրդողան էր պետք, որը բացահայտ նախազգուշացրել էր նրան: Բայց նա գնաց այդ քայլին (չնայած բանաձեւի քվեարկության ժամանակ ներկա չէր նիստերի դահլիճում):
Ի վերջո՝ պատմական ճշմարտությունը րոպեական կոնյուկտուրայից ավելի կարեւոր է:
Գերմանիան առաջին երկիրը չէ, որ հայերի դեմ իրականացված հանցագործությունը պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում: Դա արել են եւս շուրջ 20 կառավարություններ, ինչից հետո նույնպես Թուրքիայի կառավարությունը թափահարել է բռունցքները: Սակայն Գերմանիայի հայտարարությունն առանձնապես հատկանշական է, քանի որ ելնում է մի երկրից, որը պայքարել եւ առերեսվել է սեփական պատմության հետ:
ԱՄՆ-ի կառավարությունը պետք է Գերմանիայից օրինակ վերցնի: Ամերիկյան ոչ մի նախագահ դա չարեց:
Բայց Վաշինգտոնը ճշմարտությունը գիտեր արդեն 100 տարի առաջ: 1915 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հաղորդում էր, թե ռասայի ոչնչացում է տեղի ունենում, խաղաղ հայ բնակչությանն արմատախիլ անելու կանոնավոր փորձ: Դեսպանի փոխանցմամբ, դա պատահական բռնկում չէ, այլ ծրագրված արշավ, որը կառավարվում է Կոնստանդնուպոլսից: Իր հուշերում նա բացահայտորեն այդ կոտորածները ժողովրդի սպանություն է կոչել:
Մորգենթաուն վաղուց չկա, ինչպես նաեւ օսմանյան ռեժիմը: Բայց հայերի ցեղասպանության մասին փաստերը հնարավոր չէ փոխել:
Թուրքիայի պաշտոնական ժխտողականությունը զոհերի հիշատակի հանդեպ բացահայտ ատելություն է: Ավելին, համաշխարհային թատերաբեմում Թուրքիայի կերպարի աղճատում է:
Վաղուց ժամանակն է, որպեսզի թուրքերն անկեղծորեն առերեսվեն սեփական պատմությանը: Եվ ժամանակն է, որպեսզի իրենց Թուրքիայի դաշնակիցը համարող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, քաղաքական շահը զոհեն ճշմարտությանը»:





























