Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Ռազմիկ Ավետիսյանը, որին հունիսի 10-ին, 1 միլիոն դրամ գրավի դիմաց դատարանն ազատ է արձակել, «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է տուն: NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Ավետիսյանի քույրը՝ Սոնան, նշեց, որ եղբոր կյանքին ամեն վայրկյան վտանգ է սպառնում. «Եթե 4 միլիոն արժողությամբ ապարատը չտեղադրենք՝ ամեն վայրկյան սրտի կանգ կարող է տեղի ունենալ: Այս պահին նա տանն է, սպասում ենք, որ գումարը գտնենք, որպեսզի տեղադրենք ապարատը, բացի այդ նրան հարկավոր է 3 ստանդ եւ փակված անոթի բացում: Սրտի կծկողականությունը 20 տոկոս է իջել, որն էլ կյանքի համար մեծ վտանգ է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։

Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: