ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Մոսկվան զարմացած է Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով, վկայում է այն մասին, որ նա ծանոթ չէ Նժդեհի  գործունեությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Հայ ժողովրդի պատմությունը միայն Հայրենական պատերազմով չի սահմանափակվում եւ Զախարովայի հայտարարությունը վկայում է  այն մասին, որ նա ծանոթ չէ Գարեգին նժդեհի կյանքին, գործունեությանը:  Նա չգիտի, թե Գարեգին Նժդեհն ինչ է արել հայ ժողովրդի համար, դրա համար էլ զարմացած է, եթե մի փոքր ավելի մանրամասն իմանար՝ դժվար թե  նման, նաեւ զարմացած հայտարարություն աներ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով»:

Նշենք, որ Գարեգին Նժդեհը (1886թ. դեկտեմբերի 31 - 1955թ. դեկտեմբերի 21) հայ ռազմական եւ քաղաքական գործիչ է, ազգային հերոս: Գարեգին Նժդեհի շնորհիվ խափանվեց Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի օրինակով Զանգեզուրն Ադրբեջանին միավորելու՝ բոլշեւիկների ծրագիրը: