Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ՓԲ ընկերության ջարդման արտադրամասի ջարդող Վազգեն Շալաղոյանը փորձել է զետեղարանում առաջացած խցանումը բացել, երբ ընկել է զետեղարանի մեջ, հանքաքարն էլ ընկել է վրան ու մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության տնօրեն Մարտիկ Հակոբյանը:

«Բացելու ժամանակ ոտքի տակից հանքաքարը գնացել է, ընկել է վրան»,- ասաց տնօրենը:

Տնօրենը վստահեցրեց, որ անվտանգության կանոնների արտաքին նշանները խախտված չեն եղել, հորդորեց սպասել քննության ավարտին:

«Անվտանգության համար պարաններ, գոտիններ կան, որ եթե մանտաժնիկները զետեղարան մտնեն, օգտագործեն դրանք»,- ասաց նա:

Վազգեն Շալաղոյանը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ-ում է աշխատում 2012թ.: ՆԱ Ախթալա քաղաքի բնակիչ է, 3 անչափահաս երեխաների հայր:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:

Նախնական տվյալներով՝ 2016 թ. հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմանում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը: