«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:

«Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները: Կոմիտեի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ վարչախումբը գտնվում է հանցավոր անգործության մատնված, հանցավոր անգործություն է ցուցաբերել եւ ցուցաբերում, դրա ապացույցն են ապրիլյան դեպքերը»,- այսօր՝ հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ կհամագործակցեն նրանց հետ, ովքեր իրենց գաղափարներին կողմնակից կլինեն:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Սամվել Բաբայանն էլ լինել այդ ցանկում, Ժիրայր Սեֆիլյանը դրական պատասխան է տվել:

Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ մարդկանց պետք է հետաքրքրեր՝ ինչու էր Սամվել Բաբայանը պարտադրված երկար տարիներ բացակայելու Հայստանից:

«Որոնք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որեւէ վտանգ չէր սպառնում՝ հասկանալով՝ հառակորդը ինչպիսի հնարավորությունների է տիրապետում Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ պետական բարձր պաշտոնի զբաղեցնելով մարդ տիրապետում է պետական գաղտնիքների: Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ այդ մարդու պարտադված բացակայությունը Հայաստանից: Ինչ էլ լիներ խնդիրը, ես կարծում եմ, որ հնարավոր էր լուծում գտնել ու այդ բացակայությունը չլիներ»,- ասել է նա՝ նշելով, որ իր կարծիքով նա պետք է երբեք չբացակայի Հայաստանից: