Ռուբեն Առաքելյանը, որը վիրավորվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, Գերմանիա կտեղափոխվի հունիսի 13-ին: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել են զինծառայողի ազգականները:

Մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան Ռուբենին կտեղափոխեն ռեանիմոբիլով՝ մոր եւ հայ բժիշկներից մեկի ուղեկցությամբ: Մոսկվայում նա պետք է մեկ այլ օդանավ նստի, որով կհասնի Դյուսելդորֆ,այնտեղ նրան կդիմավորի Բոննի համալսարանին առընթեր կլինիկայի ռեանիմոբիլը:

Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին Ռուբենն արդեն կլինիկայում կլինի, ու այդ նույն օրը կսկսեն անհրաժեշտ հետազոտություններ անել:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները հիմա գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը ու օգնել, որ Ռուբենն ավելի ինքնուրույն դառնա: Հայ բժիշկը, որը Ռուբենին մերսումներ է անում, նույնպես ասում է, որ հույս կա՝ նա վստահ չէ, որ Ռուբենի ոսկրածուծն ամբողջովին կտրված է, քանի որ բուժակարգերի ընթացքում զգում է արձագանք նրա նյարդային համակարգի կողմից:

Հիշեցնենք նաեւ, որ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ 43 հազար եվրոն պաշտպանության ու առողջապահության նախարարությունների ջանքերով նախապես փոխանցվել է գերմանական կլինիկային: