Հալեպում ռազմական գործողություններ են իրականացվում քրդերով բնակեցված թաղամասերի դեմ: Հակառակ դեպքում՝ դժվար է բացատրել, թե ինչու է «Ջեբհաթ ան-Նուսրան», որը համարվում է ԻԼԻՊ-ի հակառակորդը, պատերազմում քրդերի դեմ, որոնք նույնպես ԻԼԻՊ-ի դեմ են: Այս մասին հունիսի 11-ին հայտարարել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Կամ ինչո՞ւ է նույն «Ջեբհաթ ան-Նուսրան» պատերազմում սիրիական կառավարական զորքերի դեմ, որոնք նույնպես պատերազմում են ԻԼԻՊ-ի դեմ: Պարզ է, որ Թուրքիան սատարում է նրանց»,- հավելել է նա:
Միաժամանակ, Թուրքիան ցանկանում է ազատվել Սիրիայի հայերից: Մայիսի վերջին հայկական թաղամասերի դեմ նոր գործողություններ ձեռնարկվեցին, իսկ վերջերս ՀՅԴ-ի անդամ զոհվեց, որը քաղաքի ինքնապաշտպանության համակարգողներից էր:
Այդ կապակցությամբ պատահական չէ վերջերս կայացած Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող գործողությունները շատ կարեւոր են հենց ԻԼԻՊ-ին Թուրքիայի հետ սահմանից անջատելու համար:
Ըստ փորձագետի, այն, ինչ անհրաժեշտ է Թուրքիային, Սիրիայի հյուսիսում քաոսն է, որպեսզի քրդերն այնտեղ չկարողանան ամրապնդել դիրքերը:





























