Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների մի մասը, որոնց դեռ չի վճարվել դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը, խոստացված գումարն այս շաբաթ էլ չստացան: NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցիները նշեցին, որ խաղողագործներին խոստացել էին, որ մինչեւ հունիսի 11-ը մթերված խաղողի պարտքը կվճարվի, բայց այդպես էլ ոչինչ չի վճարվել:

«Մյուս համայնքապետերին որոշ գումար գինեգործը տվել է, բայց մեր համայնքապետը չի վերցրել, որովհետեւ շատ քիչ գումար է եղել եւ ոչ մեկի պատքը փակելու համար բավական չի եղել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղցրաշենցի խաղողագործներից Սաշիկը:

Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հունիսի 3-ին մասամբ ստացել են դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ խաղողագործներին այս շաբաթ կվճարվի մթերված խաղողի դիմաց կուտակված պարտքի մի մասը: Նա ասել էր, որ վերամշակող ընկերությունները 31.5 միլիարդ դրամի խաղող են մթերել, խաղողագործներին 1.6 միլիարդ դրամ են պարտք:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: