Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Ռոման Հարությունյանին դուրս են գրել Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան: Տիկին Զոյան նշեց, որ Ռոման Հարությունյանն արդեն լավ է, սակայն, դեռ առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ռոման Հարությունյանին արդեն հայտնել են նույն ավտովթարից մահացած եղբոր` Ռուսլան Հարությունյանի մահվան մասին:

Նշենք, որ նույն ավտովթարի հետեւանքով տուժած Ռոման ու Ռուսլան Հարությունյանների ավագ եղբոր` Արկադիի առողջական վիճակը նույնպես  լավ է, նա մեկ ամիս առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, բուժումը շարունակում է տան պայմաններում:

Հիշեցնենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել էին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: