Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հարցազրույցների միջոցով նախ եւ առաջ մեկ նպատակ է հետապնդում՝ քողարկել այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ձախողված ռազմական ագրեսիան: Այս մասին ասված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մեկնաբանությունում՝ կապված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հայտարարության եւ վերջին շրջանում հաճախակի դարձած արտահայտությունների հետ, որոնցում դեսպանը կրկին խոսում է ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերի մասին ու պատերազմի վերսկսման սպառնալիք հնչեցնում:
«Կասկած չկա, որ այդ ագրեսիայի նախաձեռնողն Ադրբեջանն էր: Հարցազրույցների եւ հայտարարությունների տեսքով վերջին բոլոր արտահայտություններում Ադրբեջանի դեսպանն ամեն կերպ ձգտում է մոռացության մատնել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց մի քանի ժամ անց արած սեփական խոսքերը, որոնք վկայում են այն մասին, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել այդ ռազմական արկածախնդրությունը:
Մենք կրկին հիշեցնում ենք, որ ադրբեջանական մեկնաբանությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերին հղումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման միջազգային-իրավական հիմնարար սկզբունքների առանձին դրույթների ընտրողական մեկնաբանությունները գոյություն ունեցող փաստաթղթերի գիտակցական աղճատում են: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանին առաջարկում ենք մանրամասն ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջամարտիկ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի՝ ուրբաթ հրապարակված մանրամասն վերլուծությունը:
Ադրբեջանցի գործընկերների նման հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք աղճատում են փաստերն ու իրականությունը, չեն նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչին, իբր, ձգտում է Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է հակամարտության հնարավոր ռազմակակն լուծման մասին հերթական հիշեցմանը, ապա կցանկանայինք նշել, որ 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման միջնորդ հանդիսանալու խնդրանքով Ռուսաստանին Ադրբեջանի դիմելուց հետո բավական ժամանակ է անցել՝ ուժային տարբերակի անհնարինության մեջ համոզվելու համար: Եթե ինչ-որ մեկն էլ այդպիսի հույսեր ուներ, ապա դրանք այս ապրիլի սկզբին ի դերեւ ելան: Այդ պատճառով տրամաբանական չէ Ռուսաստանում նման հռետորաբանությամբ հանդես գալ, առավել եւս, որ Ռուսաստանը հերթական անգամ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները շարունակելու նախաձեռնությամբ է հանդես գալիս:





























