Հունիսի 11-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Ռուբինյանց հատվածում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են թիվ 58 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 4800S պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1976թ.) եւ «Ford Transit» մակնիշի 34 RT 896 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1960թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իսկ ժամը 21.14-ին` «ԳԱԶել»-ի ուղեւորներ Մ. Ս.-ին (ծնվ. 1972թ.) եւ Ա. Բ.-ին (ծնվ. 1958թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Մ. Ս.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա. Բ.-ն` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար` միջին ծանրության եւ բավարար: