Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իշխող կուսակցության մարզային գրասենյակի աշխատանքներով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Սահակյանը նշեց, որ փորձում են հզորացնել իրենց կուսակցական աշխատանքը:
«Գնում ենք «Հանրապետական» կուակցության մարզային գրասենյակներ, հանդիպումներ ենք կազմակերպում: Փորձում ենք կուսակցական աշխատանքները հզորացնել, ակտիվացնել թե մեր մարզում, թե այլ մարզերում, որտեղ ունենք ընկերներ, կապեր»,- ասաց Սարգիս Սահակյանը:
Դիտարկմանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին եք պատրաստվում, նախկին մարզպետն արձագանքեց. «Խորհրդարանական ընտրություններին նոր չենք պատրաստվում, մենք պատրաստվում ենք 4 տարի առաջ: Էնպես չէ, որ հիմա պիտի պատրաստվենք: Բոլոր ժամանակներում բոլոր կուսակցություններն էլ կուզենան ակտիվանալ, որովհետեւ մի քանի ամսից ընտրարշավ է սկսվելու, բոլորը փորձելու են ծրագրեր ներկայացնել, փորձել իրենց ծրագրերն արդարացնել, որ իրենք ճիշտ են, որ ժողովրդի քվեն ստանան»:
Անդրադառնալով նորանշանակ մարզպետ, ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի հետ համագործակցության հարցին, Սարգիս Սահակյանը նշեց, որ համագործակցություն չկա. «Ինքը զբաղվում է իր աշխատանքով, ես էլ ուրախ կլինեմ, որ իր աշխատանքները շատ լավ լինեն»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո Արագածոտնի մարզում մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը:





























