Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսվել է բողոքի ակցիա` ընդդեմ հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիային մասնակցում են է մի քանի տասնյակ մարդ: Ակտիվիստներն իրենց հետ բերել են «Չենք հանձնելու ոչ հողը, ոչ օդը», «Մենք չենք վստահում Պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին», «Դավաճանության հերթական քայլը» գրությամբ պաստառներ:
Մասնակիցներից Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է Հայաստանը թիրախ դարձնել: «Համաձայնագրի ստորագրումը սխալ է, դավաճանություն է, ռազմավարական մեծ սխալ: ՀՕՊ-ի համաձայնագրի ստորագրումով մենք պատերազմ ենք հայտարարում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ամբողջ աշխարհին»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Ըստ Խզմալյանի` այս համաձայնագրով մեր ապագան «լուռ վաճառվելու է» Ռուսաստանին:
Ակցիայի կազմակերպիչը «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն է, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Ռուսաստանն է կառավարելու Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությունը (Հայաստանի եւ Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ): Արդեն այսօր ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման որոշումները կայացնելու են ռուս հրամանատարները: Ակնհայտ է, որ սա Արցախի հայկական հողերի հանձնման ընդհանուր նախագծի հերթական բաղկացուցիչ մասն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը: Մեր նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը՝ Ազգային ժողովի եւ Բ26 դիմաց զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չգիտակցենք ստեղծված վիճակի օրհասական բնույթը եւ լրջությունը»:
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը:
'































