Հայ-թուրքական գործընթացը չի ավարտվել, որպեսզի հիմա էլ վերսկսվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուօղլուն, մեկնաբանելով Շվեյցարիայի «հեռախոսային դիվանագիտությունը», որն ուղղված է հայ-թուրքական գործընթացի վերակենդանացմանը:
Նրա խոսքով, այդ գործընթացն ավարտված չէ, ուստի նրա վերսկսման մասին խոսելը տեղին չէ: «Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կովկասում խաղաղություն չի հաստատվել: Մենք ՄԱԿ-ում հանդիպել ենք Շվեյցարիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Միաժամանակ, Հայաստանը մեր հարեւանն է: Մեր դիրքորոշումը Կովկասի նկատմամբ պարզ է: Անկարան շարունակելու է ջանքերը` Երեւանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet-ը` հղում անելով անանուն աղբյուրներին, պնդել է, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ի պատասխանատուներն օրերս զանգահարել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների պաշտոնյաներին, փորձելով շոշափել հայ-թուրքական գործընթացի հետ կապված նրանց տրամադրությունները:




























