Հայաստանի ԱԺ-ն ընդունել է 2015-ի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: «Կողմ» է քվեարկել 88 պատգամավոր, «դեմ»՝ 15, ձեռնպահ է մնացել 14-ը:
Ի սկզբանե 2015-ի բյուջեի ծախսերի մասը ծրագրված է եղել 1 տրլ. 305.6 մլրդ դրամի չափով: Տարվա ընթացքում այն ավելացվել է 109.6 մլրդ դրամով (8.4 տոկոսով)՝ հասնելով 1 տրլ, 415.2 մլրդ դրամի ( ընթացիկ փոխարժեքով մոտ 2.95 մլրդ դոլար- խմբ): Ծախսերի կատարումը կազմել է 99.6 տոկոս, կամ 1 տրլն. 409 մլրդ:
Պետհաստատությունների արտաբյուջետային հիմնադրամների հաշվին ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, կամ պլանի 97.4 տոկոսը:
2015-ին, ՀՆԱ 4.2 տոկոսի անվանական աճի պայմաններում, ծախսերն ավելի շատ են ավելացել՝ 14.1 տոկոսով: Դրա պատճաառով ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ 25.5 տոկոսից աճել է՝ դառնալով 27.9 տոկոս:
Դրա հետեւանքով ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի պակասորդը աճել է՝ հասնելով 4.8 տոկոսի ( մինչդեռ 2014-ին այն կազմում էր ընդամենը 1.9 տոկոս): Կառավարության ընդլայնող ֆիսկալ քաղաքականության նպատակն էր աջակցել տնտեսությանը Ռուսաստանում անբարենպաստ իրավիճակի ու մետաղների ցածր բորսայական գների պայմաններում: 2015-ին տնտեսական աճը կազմել է 3.0 տոկոս (ակնկալվող 4.1 տոկոսի փոխարեն):



























