Մենք հորդորել ենք, որ նրանք ավելի լավ ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, թե ով է նա հայ ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նա իր զարմանքն էր արտահայտել Երեւանում Նժդեհի արձանի տեղադրման փաստի վերաբերյալ:
«Չեմ ուզում օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին, մյուսին, մյուսին հերոսացրեց: Մենք նյութերը պատրաստել ենք, որ մեր ռուս գործընկերներն ավելի լավ ծանոթանան Նժդեհի կենսագրությանը եւ հասկանան, թե ինչքան է եղել Նժդեհի կարեւորությունը Հայաստանի համար»,-ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական կողմի ճնշմամբ արձանը հանվի, նա պատասխանեց. «Դուք հարցեր եք բարձրացնում, որոնց պատասխանը գիտեք, որ ոչ է եւ անհնարին է»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով»:
Նշենք, որ Գարեգին Նժդեհը (1886թ. դեկտեմբերի 31 - 1955թ. դեկտեմբերի 21) հայ ռազմական եւ քաղաքական գործիչ է, ազգային հերոս: Գարեգին Նժդեհի շնորհիվ խափանվեց Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի օրինակով Զանգեզուրն Ադրբեջանին միավորելու՝ բոլշեւիկների ծրագիրը:





























