«Սարվա» ընկերության նպատակը, որը զբաղվում է մաղային տպագրությամբ եւ արտադրությամբ, ոչ միայն հայաստանյան շուկան նվաճելն է, այլ նաեւ արտադրանքը արաբական երկրներ եւ Ռուսաստան արտահանելը։ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում «Սարվա» ՍՊԸ տնօրեն, 24-ամյա սիրիահայ Խաչիկ Բաբաբլավյանը հույս է հայտնել, որ կարող է ընդլայնել Հայաստանում արտադրությունը եւ ավելի շատ ապրանք արտահանել։

«Կոնկրետ իմ նպատակը միայն հայաստանյան շուկան չէ։ Հեռանկարներ ունենք։ Մտածում ենք ապրանքը արաբական երկրներ եւ անգամ Ռուսաստան արտահանելու մասին»,– պատմում է Խաչիկը։
Նրա խոսքով՝ Հալեպում Բաբաբլավյանների ընտանիքն ավելի շատ զբաղվում էր տպագրությամբ, քան արտադրությամբ, քանի որ Հալեպը բազմաթիվ գործարաններով մեծ քաղաք է։ «Սիրիայում մենք այնքան շատ անելիք ունեինք, որ անկեղծ ասած՝ չէինք էլ մտածում արտադրության եւ դրա արտահանման մասին։ Հայաստանում մենք դեռ չունենք այն շահույթը, որը մենք ստանում էինք Սիրիայում։ Այստեղ մենք կսկսենք մայրաքաղաքի մոլերից, խանութների ցանցի մասին դեռ վաղ է խոսել։ Բայց մենք լիահույս ենք»,– ժպտում է երիտասարդ ձեռներեցը։





























