Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հունիսի 10-ին հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջեւ:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ զարգացող երկրների շուկաներում ներդրումներ իրականացնող այդ ֆոնդերը բարձր են գնահատել Ամերիաբանկի վարկային վարկանիշը, միջազգային կապիտալի շուկայում ունեցած հեղինակությունը, բարձր ֆինանսական ցուցանիշները, ճկուն բիզնես-մոդելը, կորպորատիվ կառավարման օրինակելի համակարգը, ինչպես նաեւ գործարքի ռիսկայնության ցածր մակարդակը, ինչի արդյունքում ձեռք են բերել Բանկի պարտքային արժեթղթերը մեծ ծավալով:
Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերականգնվող էներգետիկային եւ էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը:
Ամերիաբանկը բարձր է գնահատում responsAbility Investments AG ընկերության հետ այս նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որն էական նշանակություն կունենա տվյալ ոլորտների եւ ամբողջ ազգային տնտեսության զարգացման համար:



























