Հայաստանը չի կարող ամբողջովին հրաժարվել ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ գանձելուց։  Այս մասին հունիսի 13-ին՝ ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Որոշ դեպքերում սահմանին հարկի չեղարկումը կարող է ներմուծման առավելություն տալ տեղական արտադրության նկատմամբ։

«Սահմանին ԱԱՀ ավելի քիչ է գանձվում, քան նախորդ տարիներին, բայց ամբողջովին հրաժարվել դրանից բարդ է։ Պետք է հասկանանք, թե այդ դեպքում ինչպես է պետք փակել ապրանքի ներմուծման եւ դրա իրացման միջեւ ժամանակային բացը, ասել է Միրումյանը։

«Այն հնարավոր կլիներ ինչ–որ կերպ լրացնել, եթե ամբողջ վերջնական իրացումը ԱԱՀ–ի տակ ընկներ։ Բայց մենք այլընտրանքային հարկման բավական լայն համակարգ ունենք՝ արտոնագրված վճարներ, շրջանառության հարկ, ընտանեկան բիզնես, սահմանամերձ շրջաններ։ Մեր տնտեսվարող սուբյեկտների 90 տոկոսը այլընտրանքային համակարգում է»,– ասել է նա։

Նշենք, որ դրանց, սակայն, բաժին է ընկնում շրջանառության միայն մի փոքր մասը։ Ազգային վիճակագրության ծառայության տեղեկություններով՝ առեւտրի համախառն շրջանառության մեջ 2015-ին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 64 տոկոս։ Իսկ միկրո եւ փոքր խանութներին բաժին է ընկել շրջանառության 37.3 տոկոսը։