Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեն Հարկային օրենսգրքի նախագիծ է պատրաստել, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից: Այս նախագծում եկամտահարկի նոր դրույքաչափերի առումով հետաքրքիր նրբություններ կան:

2.5 մլն դրամ աշխատավարձի օրինակով ներկայացնենք առաջարկվող փոփոխությունների էությունը: Նման աշխատավարձ (եւ նույնիսկ ավելի), որը ֆանտաստիկ է մեր երկրի վարձու աշխատողների գերակշռող մեծամասնության համար, ամեն դեպքում, կա: Այնպես որ՝ մեր օրինակն ամենեւին էլ աբստրակտ բնույթ չի կրում:

Եվ այսպես, նախագծով առաջարկվում է մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտահարկը կրճատել... 1.68 հազար դրամով (տե՛ս աղյուսակը): Այնուհետեւ, 120 հազարից մինչեւ 2 մլն դրամի պարագայում պահումները կաճեն 37.6 հազար դրամով: Իսկ ահա մնացած 0.5 մլն դրամից (2 մլն դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում) հարկը 15 հազար դրամով կկրճատվի: Ինչո՞ւ՝ գիտի միայն Աստված, չհաշված նախագծի հեղինակներին:

Նշված 2.5 մլն դրամ աշխատավարձից ներկայում պահվում է 698 հազար դրամ կամ 27.9%-ը: Եթե հարկայինի առաջարկներն ընդունվեն, ապա պահումները 21 հազար դրամով կամ շուրջ 0.8%-ով կաճեն: Հենց դա էլ խոշորագույն աշխատավարձերից հարկերի պահման «առաջընթացն» է:

Հասկանալի է, որ հարկայինը պետբյուջեն լցնելու միջոցներ է փնտրում: Եվ դրանք գտնում է աշխատավարձերի միջին հատվածի վրա հարկային բեռի ավելացման մեջ: Բայց ինչ-որ կերպ ստվերում են մնում եկամուտների պոտենցիալ աղբյուրները՝ ֆիզիկական անձանց դիվիդենտները: «Եկամտահարկի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունից ֆիզիկական անձանց եկամուտները հարկման ենթակա չեն:

Ֆիզիկական անձանց դիվիդենտների հարկման հակառակորդները բազմաթիվ են նաեւ այլ երկրներում: Հիմնական փաստարկը հետեւյալն է. եկամտից կրկնակի հարկ է պահվում: Իսկ սրա կողմնակիցները հավաստում են, որ ոչ մի կրկնակի հարկում էլ չկա: Եկամտահարկը պահվում է իրավաբանական անձանցից, իսկ դիվիդենտներինը՝ ֆիզիկական անձանցից: Չնայած այս վեճերին, բազմաթիվ երկրներում (այդ թվում՝ զարգացած) ֆիզիկական անձանց դիվիդենտները, ամեն դեպքում, հարկվում են:

Իսկ ինչպիսի՞ն է վիճակը Եվրասիական միությունում: Լիբերալ եկամտահարկ ունեցող Ռուսաստանում (13%) ֆիզիկական անձանց դիվիդենտների հարկ գոյություն ունի: Ընդ որում, նախկինում գործող 9%-ի փոխարեն, 2015 թվականից այն կազմում է 13%: Նույնպիսի պրակտիկա կա ԵՏՄ մյուս երկրներում՝ բացառությամբ Հայաստանի:

Սմբատ Գրիգորյան