Հայաստանում բարձրացվելու է օղու,բայց ոչ գինու ու կոնյակի ակցիզը: Այս մասին հունիսի 13-ին ԱԺ-ում հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ: Օրենսգիրքը հանրապետությունում պետք է ուժի մեջ մտնի 2018-ից:
Անուղղակի հարկերը ընդհանուր հավաքներում կպահպանեն իրենց բարձր տեսակարար կշիռը, բայց ԱԱՀ-ն բարձրացնելու ծրագրեր չկան: Ինչ վերաբերում է ակցիզին, ապա այն կբարձրանա միայն ծխախոտի ու օղու համար, բայց ոչ գինու ու կոնյակի՝ հաշվի առնելով դրանց արտադրության կարեւորությունը հանրապետության արդյունաբերության համար:
Նշենք, որ Հայաստանում ԱԱՀ-ն կազմում է 20 տոկոս, իսկ ակցիզի դրույքները հիմնականում ամրագրված են, ըստ ապրանքի միավորի (անկախ դրա արժեքից):



























