Բաքվում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ զրույցը վերաբերելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման օրակարգին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների սպասվելիք եռակողմ գագաթնաժողովին՝ քաղաքագետը նշեց, որ այդ հանդիպման ձեւաչափը կար նախքան Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունները։ «Կոնտեքստը Կասպից ծովի սահմանազատման եւ բաժանման հեռանկարների մեջ է։ Այսինքն՝ այնտեղ բոլորովին այլ օրակարգ է։ Կարծում եմ, որ, անխոս, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ այդ թեմատիկայով համապատասխան զրույց կլինի»,– ընդգծել է Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ քննարկումները վերաբերելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման օրակարգին, որը նշանակված է որպես այս տարվա մայիսին Վիեննայում կայացած հանդիպման շարունակություն։
«Ռուսաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ գործող ստատուս քվոն պահպանելու մեջ շահագրգռված երկիր, փորձելու է համոզել ադրբեջանական կողմին, որ այդ փուլում լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատի մեծացման եւ շփման գծում լարվածության թուլացման այլ մեխանիզմների մեջ որոշ տարրեր ավելացնելը պետք է բխեն այդ թվում ադրբեջանական կողմից, եթե վերջինս ուզում է իրոք վերականգնել ղարաբաղյան կարգավորման հարցում իրական բանակցությունները»,– եզրափակել է Սերգեյ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ս.թ. երկրորդ կեսին Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։





























