Ավելի լավ է ամսական լրացուցիչ 5 հազար դրամ հարկել 500 հազար դրամ աշխատավարձից, քան 1600 դրամ՝ 120 հազար  աշխատավարձից: Այս մասին հունիսի 13-ին ԱԺ-ում ասել է Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, որը պետք է ուժի մեջ մտնի 2018-ից:

Եկամտահարկի նոր սանդղակով այն նվազում է ցածր աշխատավարձով մարդկանց համար ու ավելանում՝ նրանց համար, ովքեր ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Ամենայն հավանականությամբ դա արդարացի է, հավելել է Միրումյանը:

Հարկային ծանրաբեռնվածությունը ծրագրում են նվազեցնել նրանց համար, ովքեր ամսական մինչեւ 203 հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ այդպիսիք հանրապետությունում մոտ 85 տոկոս են կամ 508 հազար:

Այդ թվում 401 հազարը ստանում է մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ: Նոր օրենսգրքով նրանք վճարելու են ոչ թե 24.4, այլ 23 տոկոս:

120 հազարից մինչեւ 1 մլն դրամ ստացողները 26 տոկոսի փոխարեն կվճարեն 28 տոկոս, իսկ 1 մլն-ից բարձր ստացողները (մոտ 2.1 հազար դոլար- խմբ.)՝ 33 տոկոս:

«Մինչեւ 120 հազար դրամ ստացողների համար ծանրաբեռնվածությունը 1600-1700 դրամով կնվազի: Մեր մոտեցումը ընդհանուր առմամբ հետեւյալն է՝ թող երեք նման աշխատողների փոխարեն հավելյալ 5000 վճարի նա, ով ստանում է ենթադրենք 500 հազար աշխատավարձ: Ես կարծում եմ, որ առաջինների համար խնայողությունն այնուամենայնիվ ավելի կարեւոր է, քան երկրորդների համար»,- ասել է Միրումյանը:

Նշենք, որ չնայած 120 հազարից բարձր ու մինչեւ 1 մլն դրամ ստացողները 26 տոկոսի փոխարեն 28 տոկոս են վճարելու, բայց նրանք,ովքեր այդ սահմանի ներքեւի ծայրին են գտնվում, իրոք մի քիչ կշահեն: Բանն այն է, որ 26 տոկոսի փոխարեն 28 տոկոսը նրանք վճարելու են ոչ թե ամբողջ աշխատավարձից այլ միայն այն մասից, որը գերազանցում է 120 հազարը (այդ նույն սկզբունքն է գործում նաեւ հիմա): Իսկ առաջին 120 հազարից նրանցից պահվելու է 23 տոկոս՝ ներկա 24.4 տոկոսի փոխարեն: Այս սկզբունքը տարածվելու է մինչեւ 204 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա: