Շրջանառության հարկն ուղղված էր փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանը, բայց ավելի շատ օգնեց խոշորին։ Այս մասին հունիսի 13-ին՝ ԱԺ–ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա նշեց, որ շրջանառության հարկի շեմը 115–ից 40 մլն դրամի իջեցնելը միանշանակ արդարացված է։ Երբ շեմը 58.35 մլն դրամից բարձրացվեց 115 մլն դրամի, այնտեղ հայտնվեցին ոչ միայն փոքր, այլ նաեւ միջին ձեռնարկություններ։ Իսկ խոշորների համար, որոնք տարեկան 250 մլն դրամ շրջանառություն ունեն, հիմա ավելի հեշտ է բաժանվել եւ 2 ձեռնարկություններով թաքնվել շրջանառության հարկից։

«Նման ձեռնարկությունները հայտնվում էին փոքր բիզնեսի դաշտում եւ նրա համար անհավասար պայմաններ էին ստեղծում»,- հավելել է նա։

«Իսկ մեր տրամաբանությունը ճիշտ հակառակն էր. ստեղծել պարզեցված պայմաններ հենց փոքր բիզնեսի համար։ Այդ պատճառով մենք պետք է այնպես անենք, որ այդ ռեժիմից օգտվեն միայն նրանք, ովքեր իրոք դրա կարիքն ունեն»,– ասել է Միրումյանը։

Շրջանառության հարկի շեմը 2015-ին 58.35 դրամ դրամից միանգամից բարձրացվել էր մինչեւ տարեկան 115 մլն դրամի։