«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանն այսօր՝ հունիսի 13-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Արտակ Գալստյանը բողոքում է իրեն՝ հատուկ խցից կլոր խուց տեղափոխելու դեմ:
Սուսաննա Սարգսյանը նշեց, որ Արտակ Գալստյանին ընդհանուր խուց տեղափոխելու հարցով արդեն դիմել է Մարդու իրավուքնների պաշտպանին. «Իմ պաշտպանյալի դեմ հաշվեհարդարը փորձում են տեսնել կալանավայրում, նրան հատուկ խցից տեղափոխում են կլոր խուց, որտեղ բոլորը հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են՝ մարդասպաններ եւ այլն: Արդեն դիմել ենք ՄԻՊ, որպեսզի այս հարցով զբաղվեն»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես«analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:
Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է:




























