Մայիս ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Այդ մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Բարձրացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում եւ սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռեւս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների բովանդակային մասին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մեկ անգամ եւս ուսումնասիրել նույն հարցի վերաբերյալ տարբեր տարիներին ստացված բոլոր  դիմումներն ու գրությունները:

«Մենք անընդհատ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին զանգահարել թեժ գծերով եւ տեղեկացնել խնդիրների մասին։ Անշուշտ, կարեւոր է, որ մեր համապատասխան ծառայությունները արագ արձագանքում եւ ընթացք են տալիս այդ ահազանգերին, ինչպես նաեւ ներկայացված բողոք-դիմումներին, բայց դա բավարար չէ: Պետք է նաեւ հետեւել, որպեսզի նմանատիպ խնդիրները չկրկնվեն։ Ըստ այդմ ուսումնասիրեք մասնավորապես ստացված դիմումների բնույթը, գույքագրեք հաճախ կրկնվող թեմաները, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե հիմնականում ինչ հարցերով են մեզ դիմում մեր բնակիչները։ Եթե մեր համաքաղաքացիներից մի քանիսին մտահոգում է նույն հարցը, սա արդեն մեր բնակիչների խնդիրները չեն, սա արդեն մեր խնդիրն է։ Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միեւնույն հարցով են դիմում մեզ: Հանգամանորեն ուսումնասիրեք դիմումներն ու զեկուցեք արդյունքների մասին, որպեսզի հետագա քայլեր ձեռնարկենք` նմանատիպ խնդիրներին հիմնովին լուծում տալու համար», - ընդգծել է  Տարոն Մարգարյանը:

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ  գրանցվել է  8  դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:  Նշված  ժամանակահատվածում  ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու  խստացնել հսկողությունը հատկապես ոչ աշխատանքային ժամերին եւ հանգստյան օրերին:

«Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ամենօրյա: Հսկողությունը պետք է խստացվի հատկապես հանգստյան օրերին, երբ բակային տարածքներում նկատվում են ապօրինի առեւտրի դեպքեր:  Երեւույթի կանխարգելման եւ բացառման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել, այդ թվում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման, ինչպես նաեւ մարաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գյուղմթերքների փոքր շուկաների ստեղծման հետ կապված: Այս գործընթացը լինելու է շարունակական եւ արվելու է հնարավորը՝ քաղաքակիրթ առեւտուր իրականացնելու մշակույթը մեզանում արմատավորելու եւ բացօթյա ապօրինի առեւտուր երեւույթը վերացնելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքում  շարունակվում են ծաղկապատման, այգիների մաքրման եւ ծառերի ձեւավորման  աշխատանքները:  Զեկուցվել է նաեւ, որ ըստ ժամանակացույցի իրականացվում է չորացած եւ ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել բնակիչներին: