Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն Օֆելյա Համբարձումյանի հետ աշխատել է շուրջ 55 տարի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մաթեւոսյանն ընդգծեց, որ իրենց միջեւ մտերմությունը ձեւավորվել է հանդիպման առաջին իսկ օրվանից:

«Ես, Օֆելյան, նրա ամուսինը միասին աշխատել ենք նույն անսամբլում... Օֆելյան ճշտախոս էր, իր գործին նվիրված, պարտաճանաչ, ապրում էր միայն արվեստով: Հրաշալի ընկեր էր, երբեք չէր մոռանում իր ընկերներին»,- ասաց Ռուբեն Մաթեւոսյանը:

Օֆելյա Համբարձումյանի 55 տարվա ընկերը համոզված է՝ Օֆելյա Համբարձումյանը ծնվեց արվեստի համար, ամբողջ դարաշրջանն իր անվան հետ կապեց եւ կարեւորեց հայ ժողովրդական երգը. «Սա է ամենաճշմարտությունը եւ նրա արժանիքը՝ իբրեւ արվեստագետ: Օֆելյա Համբարձումյանը մինչեւ իր կյանքի վերջին օրը աշխատանքի մեջ է եղել, նրան ոչ ոք չի մոռացել»:

Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին առավոտյան 91 տարեկանում: