Գարեգին Նժդեհը ֆաշիստների հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ արձագանքելով Երեւանում Նժդեհի արձանը տեղադրելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի տարակուսանքին։

«Ես իմ երեխաներին դաստիարակում եմ նժդեհյան ոգով, եւ Նժդեհը ֆաշիստների հետ որեւէ հարաբերություն չի ունեցել։ Նա իր ազգի հերոսն է եւ ամբողջությամբ նվիրված է եղել իր հայրենիքի պաշտպանությանը, թուրքերից երկորդ ցեղասպանության դե պայքարելուն։ Նա ֆաշիստական գաղափարախոսության կրող չի եղել»,-ասաց Մելիքյանը։

Նշենք, որ Զախարովան անհասկանալի էր համարել Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը՝ նշելով հետեւյալը․ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Մեր վերաբերմունքը՝ նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական Մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել էր նա:

Կոնկրետ Զախարովային Հայաստանի ԱԳՆ-ից այդպես էլ չարձագանքեցին, փոխարենը իրենց Նժդեհի գաղափարախոսության հետեւորդ համարող հանրապետականները տարբեր մեկնաբանություններով փորձեցին արդարացնել արձանը տեղադրելու նպատակահարմարությունը։ Ավելին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անգամ հայտարարեց, որ պատրաստվում են փաստաթուղթ ուղարկել Ռուսաստան, որտեղ մանրամասնորեն ներկայացված կլինի Նժդեհի գործունեության վերաբերյալ ողջ ճշմարտությունը։

Նույն խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի նման արձագանքը արտաքին ուժերի ազդեցության ներքո է արվել, որոնք նպատակ են ունեցել թուլացնել ռուս-հայկական հարաբերությունները։ «Այն տհաճ ու անընդունելի է մեզ համար, եւ կարծում եմ, որ նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանը։ Թշնամիները դրդել են մեր ռազմակավարական գործընկերներին խոսել նաեւ դրա մասին»։

Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ որեւէ մեկը չունի այնպիսի փաստաթուղթ, որը կմրոտի Նժդեհի գործունեությունը։ Պատգամավորը շեշտեց, որ ինքն է Բուլղարիայի արխիվներից Նժդեհի գործունեության վերաբերյալ անհերքելի փաստաղթղեր բերել Հայաստան․

«Ես չեմ կարծում, որ որեւէ փաստաթուղթ կա որեւէ մեկի մոտ, որը կարող է Նժդեհի գաղափարախոսությունն եւ նրա կողմից կատարված գործունեությունը մրոտել։ Ես հետեւյակը կասեմ․ ես եմ այն կուսակցական գործիչը, ով Բուլղարիայի ազգային անվտանգության արխիվներից բերել է Հայաստան եւ հանձնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին Նժդեհի վերաբերյալ բուլղարական արխիվներում գտնվող բոլոր փաստաթղթերի տրցակը։ Այստեղ կան բոլոր փաստաթղթերը, որ Նժդեհը ֆաշիստ չի եղել, ֆաշիստների հետ որեւէ հարաբերություն չի ունեցել, Ռուսաստանի դեմ որեւէ գործունեություն չի իրականացրել ֆաշիստական Գերմանիայի հետ միասին եւ իր ամբողջ գործունեության նպատակը եղել է իր հայրենիքը պաշտպանել երկրորդ անգամ թուրքերի ցեղասպանությունից»։

Հարցին՝ այդ տրցա՞կն են պատրաստվում ուղարկել Ռուսաստան՝ հիմնավորելու Նժդեհի արձանը տեղադրելու անհրաժեշտությունը, պատասխանեց․ «Այդ տրցակը բոլոր անվտանգության ծառայությունների մոտ կա, գուցե նաեւ Ռուսաստանում»։