Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան պետք է հետ նայի  ու տեսնի Ռուսաստանի պատմությունը հեղափոխությունից առաջ եւ հետո, երբ կայսերական Գերմանիայից Լենինը որպես պատգամ ուղարկվեց Ռուսաստան՝  ցարական կայսրությունը քայքայելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն՝ անդրադառնալով Երեւանում Նժդեհի արձանը տեղադրելու վերաբերյալ Մոսկվայի տարակուսանքին։

«Մարիա Զախարովան պետք է դա նայի ու հետո կարողանա համեմատել Նժդեհին ռուսական  այլ հերոսների հետ»,-ասաց պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ այս հայտարարության պատճառը  պետական շահերի բախումն է։

«Կա պետական շահերի բախման խնդիր, առավել եւս որ վերջին պատերազմական դեպքերը ցուց տվեցին, որ հայ հասարակության  տրամադրվածությունը ռուսական քաղաքականության նկատմամբ փոխված է եւ հիմա ռուսները մտածում են  հին մտածողությունը այս հասարակության մոտ վերականգնել։ Ընտրել են այս ճանապարհը»։

Նժդեհյան գաղափարախոսությունը կրող կուսակցության ներկայացուցիչը չի համարում, որ Նժդեհի արձանի վերաբերյալ Մոսկվայի նման վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտություն է։

«Մենք ունենք ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական համատեղ փոխհամաձայնեցված պայմանագրեր, այսինքն ՝ ո՞ր պայմանագրի դիտարկման  մեջ պիտք է  նայես եւ ասես՝ այ սա խախտված է»,- ասել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Զախարովան օրերս հրավիրված ճեպազրույցի ժամանակ անհասկանալի էր համարել Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը՝ նշելով հետեւյալը․ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Մեր վերաբերմունքը՝ նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական Մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել էր նա: