Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսը եւ նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը (Գաղափարակից լիբերալների ալյանս) միասնական թեկնածուով մասնակցեն աշնանը սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ դեռեւս քննարկումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի հետ։

«Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին հստակ մասնակցելու ենք, մենք սպասում ենք տեղի մեր կառույցների առաջարկներին, բանակցությունները քննարկումները գնում են, դեռեւս ոչ մի կոնկրետացում չկա։ Քննարկումներ են ընթանում քաղաքական ուժերի հետ»,-նշեց Արամ Մանուկայնը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Գյումրիում «ԳԱԼԱ»-ի հետ միասնական թեկնածուով մասնակցեն, ասաց․ «Չենք բացառում, հենց նաեւ իրենց հետ են քննարկումներ ընթանում։ Մեր սկզբունքը հետեւյալն է՝ մենք կողմ ենք լայն, ընդդիմադիր  ֆորմատ ձեւավորելու, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Կարեւորը՝  սկզբունքի առումով Գյումրիում եւ Վանաձորում մեր տեղական կառույցները առաջարկել են այդ ֆորմատը քննարկել նաեւ այլ ուժերի հետ, մենք որեւէ խնդիր չունենք»։

Նշենք, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանը ստեղծել է նույնանուն կուսակցություն, որի հիմնադիր համագումարը  հուլիսի 1-ին է։