ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Տրանսպորտի եւ կապի նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրվող Հովհաննես Շմոյանն ու Վազգեն Մկրտչյանի կալանավորման դեմ նրանց պաշտպանի ներկայացրած բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մեղադրյալների փաստաբան Միհրան Պողոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ հիմքեր չկան ոչ միայն կալանքը կիրառելու, այլեւ մեղադրանք առաջադրելու իր պաշտպանյալներին:
«Բացի այդ, նրանք ինքնակամ են ներկայացել ոստիկանություն, առանց որեւէ միջոց կիրառելու»,- ասաց փաստաբանը:
Դատարանը որոշումը կայացրել է հունիսի 9-ին:
Նշենք, որ Շմոյանն ու Մկրտչյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, պնդում են, որ պատահաբար են հայտնվել ծեծկռտուքի վայրում:
Նշենք, որ սույն քրեական գործի շրջանակներում Վահան Սարգսյանին, Սուրեն Վարդանյանին, Հովհաննես Շմոյանին ու Վազգեն Մկրտչյանին եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 5-ն էլ կալանավորված են: Ըստ մամուլի հրապարակումների, կալանավորված անձինք նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն ու վարորդն են:
Հիշեցնենք, որ այդ ծեծկռտուքի պատճառով հինգ անձ է տուժել:
Երբ եւ ինչու են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. մանրամասներ




























