Բարեկեցիկ պետություն դառնալու եւ մնալու համար Հայաստանին անհրաժեշտ են իր բոլոր երեխաները: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներին եւ կարգի քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Բոլորս գիտենք, որ Հայաստանում կան երեխաներ, որոնք որոշակի խնդիրների հետեւանքով լիովին ներգրավված չեն հասարակության մեջ: Արդեն երկար տարիներ Հայաստանում համագործակցում ենք պետական կառույցների հետ, որ ստեղծենք այլընտրանքային ծառայություններ` հատուկ եւ գիշերօթիկ դպրոցների փոխարեն: Մեր նպատակն է անհատականացված եւ սատարող խնամք ցուցաբերել յուրաքանչյուր հայ երեխայի նկատմամբ: Սա նշանակում է այնպես անել, որ երեխան ապրի ընտանիքում, սովորի իր շրջանի ներառական դպրոցում»,- ասաց Տանյա Ռադոչայը:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյայի` տասը տարի առաջ Հայաստանի խնամքի հաստատություններում կար տասմեկ հազար երեխա, 2015թ. վերջում նրանց թիվը նվազել է մինչեւ 3500-ի:

«Մեր աշխատանքը շարունակվում է, Կառավարության հաստատված կարգով մենք մեկ քայլ առաջ ենք գնում»:

Տանյա Ռադոչայը կարծում է, որ հնարավոր է այս կարգն աշխատեցնել Հայաստանում: Ավելին, պաշտոնյան համոզված է, որ այստեղ կան հրաշալի ընտանիքներ, որոնք լավագույնս կխնամեն երեխաների, թեկուզ եւ կենսաբանական ծնողները չլինեն:

«Հայաստանում մեկ այլ խնդիր էլ կա. հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ խնամքն ու վերաբերմունքը: Հաշմանդամություն ունեցող պետք է մեծանան իրենց ընտանիքներում կամ այլընտրանքային ընտանիքներում: Պետք է հատուկ աջակցություն լինի այդ ընտանիքներին: Ուրախ եմ, որ Հայաստանն առաջիկա տարիներին կդառնա ամբողջովին ներառական կրթությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ մայիսի 26-ին հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետեւ տրվելու է ընտանեկան նոր ձեւերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին եւ միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում: