Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Խաչիկ Կոսյանի հարազատների պնդումները, թե իրենք զանգահարել ու ցավակցել են Մեյթիխանյանների ընտանիքին, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:
«Ինձ ոչ մեկ չի զանգել: Նրանք շատ փոքր մարդիկ են, որ ինձ համարձակվեն զանգել, ես էլ պատասխանեմ»,- ասաց սպանվածի կինը:
Սպանվածի կնոջ խոսքով՝ իրենք ամեն բան անելու են արդարության հասնելու համար:
«Եթե 6 սրիկա են, 6-ն էլ խփել են ու հիմա փորձում են իրենց պաշտպանել, մարդկային կերպարի մասին է դա խոսում իրենց»,- ասաց նա:
Նշենք, որ մեղադրյալներ 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը, որ հետախուզման մեջ էին, հունիսի 12-ի գիշերը ներկայացել էին ոստիկանություն: Արտաշես Չիչիոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դեռ դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են:
Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց համաներումով ազատ է արձակվել:




























