Հայաստանում 18 երեխա այս պահին գտնվում է խնամատար ընտանիքում: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներին եւ կարգի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը
«Հայաստանում զարգանում է խնամատար ընտանիքների ինստիտուտները: Նախարարությունն էլ սեմինարներ է կազմակերպում, վերապատրաստում է այդ ընտանիքներին: Կան նաեւ ընտանիքներ, որոնք դիմում են մեզ եւ ցանկանում երեխա ընդունել խնամքի նպատակով»,- ասաց Լենա Հայրապետյանը:
Խնամատար ընտանիքին պետությունն ամսական տրամադրում է 130-140 հազար դրամ` կախված երեխայի առողջական վիճակից:
«Մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում, որ զարգացման խնդիրներով երեխաներին խնամքի տալը: Նշեմ, որ այժմ մանկատներում գտնվող 660 երեխաներից 520-ը լուրջ առողջական խնդիրներ ունեն»,- ասաց նախարարության աշխատակիցը:
Նշենք, որ մայիսի 26-ին հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետեւ տրվելու է ընտանեկան նոր ձեւերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին եւ միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում:




























