Ազգային ժողովում քննարկվող Հարկային օրենսգրքի նախագծով  հարկային բեռի ավելացմամբ փորձում են բյուջեի մուտքերն ավելացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ես կարծում եմ` խնդիրը հետեւյալն է, որի մասին իրենք չեն հրապարակում` հարկերի ավելացում,  ըստ այդմ` բյուջեի մուտքերի ավելացում»,-ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` այս նախագծով  բիզնես գործունեության համար  գրավիչ միջավայր չի ստեղծվում, եւ օրենսգիրքը չի նպաստում Հայաստանում ներդրումների խթանմանը:

«Միջին խավին հարվածող հատվածներ կան, հատկապես աշխատավարձ ստացողներին: Մի հինգ  դրույթ գտել ենք, որը ծանրացնելու է քաղաքացու բեռը,  քանի որ  հանգեցնելու է թանկացումների: Խիստ անընդունելի է ակցիզների ավելացումը, որը վերաբերում է վառելիք գազին, ծխախոտին եւ սպիրտին:  Դա անմիջապես բերելու է քաղաքացու բեռի ավելացման: Քաղաքականությունը այսպիսին է կարծես թե, արտադրողից բեռը իջնում է  քաղաքացու վրա, ինչն անընդունելի է:  Վտանգավոր ենք համարում, որ այս օրենսգրքով Հայաստանում կրկին  ներդրումների գրավիչ դաշտ չի ստեղծվում»,-ասաց Արամ Մանուկյանը:

Թեեւ 700 էջանոց հաստափոր օրենսգիրքն ամբողջությամբ դեռ չեն ուսումնասիրել իրենց խմբակցությունում, սակայն, ընդհանուր առմամբ, մի դրական բան է  արձանագրել Արամ Մանուկյանը, որ այս օրենսգիրքն ավելի հստակ ու կայուն է լինելու եւ հաճախ փոփոխության չի ենթարկվելու, ինչի մասին ինքը նախկինում դժգոհել է:

«Այնպես չի, որ դրական բան չկա: Այն որ դաշտը համակարգվում է, իրենք խոստանում են, որ կլինի  հստակ ու կոշտ օրենսդրություն ու փոփոխությունների չի ենթարկվի, ինչի մասին ես իմ ելույթներում միշտ  նշել եմ, որ  շատ է փոփոխության ենթարկվում Հարկային օրենսգիրքը: Սակայն այս դրական բանն էլ դեռ խոստումների տեսքով է: Իսկ այն,  որ քաղաքացու վրա բեռն ավելանալու է, եւ հարկատեսակները մնում են դժվար ու անհասկանալի  քաղաքացու եւ հաշվապահի համար, ակնհայտ է»,- իր խոսքն ամփոփեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: