ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 56 էթնիկական դեպորտացիա, հայերը էթնիկական դեպորտացիայի են ենթարկվել չորս անգամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Երեւանում, «Հաղթանակ» զբոսայգում, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերին նվիրված հուշահամալիրում ընթացող հավաքի ժամանակ նշել է միջոցառման նախաձեռնողներից ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ հավաքին մասնակցում են դեպորտացիայի զոհերն եւ նրանց ժառանգները, որոնք դատապարտում են այդ ռեպրեսիաները:

«Հունիսի 14-ն ընտրվել է որպես հայերի մեծ բռնաքսորի օր: Բռնադատվածները շատ երկար տարեթիվ ունեն, Կարմիր տեռորից սկսած, 1930-ական թվականներից, դրանից առաջ կուլակաթափության անվան տակ ֆիդայիների բազմաթիվ խմբերից, պատերազմի տարիների մեծ տեռորը եւ վերջապես 1949 թվականը»,-ասաց Խառատյանն ու հավելեց. «ԽՍՀՄ տարիներին 56 էթնիկ դեպորտացիա է տեղի ունեցել: 56 ժողովրդի զրկել են ապրելու պայմաններից, իսկ նրանցից շատերին՝ նաեւ հայրենիքից: Հայերը էթնիկական դեպորտացիայի են ենթարկվել չորս անգամ՝ 1937-ին՝ Հայաստանից եւ Ադրբեջանից հայերի ու քրդերի դեպորտացիան, մենք ունենք նրանց ցուցակներն ու դոպրտացիայի հրամանները: Ապա եղել է համշենահայերի դեպորտացիան, Ղրիմի հայերի դեպորտացիան, 9 հազար հայեր Ղրիմից աքսորվել են այլ տարածքներ եւ, վերջապես, 1949-ի հունիսի 14-ին ՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Կրասնոդարի երկրամասից դեպորտացվել են դաշնակցականներն ու նախկին թուրքահպտակները: Սա ճիզվիտական հրաման էր, փաստորեն նախկին թուրքահպատակները թշնամիներ էին: Նրանք նաեւ 1937-ին էին բռնությունների ենթարկվել ու տարիներ անց նորից աքսորվում են»:

Հրանուշ Խառատյանը նկատեց, որ այսօր ռուսաստանն ունի պատժված ժողովուրդների օրենք, որտեղ հայերը չկան: «Հայաստանը մինչեւ այսօր էթնիկական դեպորտացիան դատապարտող օրենք չունի: Հիմա ԱԺ-ն հնարավոր է գտել օրենքը վերանայել, քաղաքական անատամ մասը վերափոխել, նաեւ սոցիալական մասը վերանայել: Այն երեխաները, որոնք ծնվել են դեպորտացիայի ճանապարհին, ռեաբիլիտացիա չեն անցնում: Նրանք ոչ պատժված են, ոչ պատժված չեն: Սա է մեր հատուցումը, որի համար մեղավոր է իշխանությունը: Այո, մեղավոր է այսօրվա իշխանությունը նրանց անցյալի համար, որովհետեւ նրանց այսօրը նրանց անցյալի փաստացի շարունակությունն է»,-ընդգծեց նա: