«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար, գրող Միխայիլ Վելլերը իր կարծիքն է հայտնել Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման մասին:
«Հատուկ կարծիք» հաղորդման եթերում Միխայիլ Վելլերը հիշեցրել է, որ Գարեգին Նժդեհը մինչհեղափոխական ժամանակներից սկսած՝ պայքարել է Հայաստանի ազատության ու անկախության համար: «Նա կռվել է Առաջին համաշխարհային պատերազմի, նաեւ Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նա կռվում էր Հայաստանի անկախության համար: Դրանք շատ բարդ,միահյուսվված, քիչ նկարագրված պատմություններ են, երբ Խորհրդային Ռուսաստանի զորքերը թուրքական զորքերի հետ միասին կռվում էին այսպես կոչված հայ ազգայնականների դեմ, նրանց դեմ, ովքեր Հայաստանի անկախացմանն էին ձգտում: Սա շատ հետաքրքիր երեւույթ է՝ ռուսները թուրքերի հետ միասին կռվում էին հայերի դեմ: Ի վերջո Հայաստանի անկախության այդ նվիրյալ ազատամարտիկը, որը ժամանակին շատ «կարմիր» էր իսկ հետո՝ ինչ ասես, արտագաղթեց եւ բնակություն հաստատեց Բուլղարիայում»,- նկատեց Միխայիլ Վելլերը:
Նրա խոսքով,երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը ու գերմանացները մտել են Կովկաս, Թուրքիան, պահպանելով չեզոքություն, այդուհանդերձ ավելի շատ Գերմանիայի կողմից էր: Գերմանիան փորձում էր Թուրքիային դրդել պատերազմի, իսկ Թուրքիան հրաժարվում էր: «Եթե Թուրքիան մտներ պատերազմի մեջ, նորից հետ կգրավեր Հայաստանը»,- արձանագրել է Միխայիլ Վելլերը եւ հավելել. Առաջնորդվելով «գուցե կարելի է այնպես մանեւրել, որ եթե վերեւը գեմանական լինի, Հայաստանը անկախ լինի» նկատառումներով՝ Գարեգին Նժդեհը իրոք սկսել է համագործակցել նացիստական ռեժիմի հետ: Ինչի համար էլ պատերազմից հետո բանտ է նստել ու այնտեղ էլ մահացել:
Միխայիլ Վելլերը նշել է, որ Նժդեհին բանտարկել էին Երրորդ Ռեյխի ռեժիմի հետ համագործակցելու համար, ընդ որում նրան որեւէ որոշակի հանցագործության համար չէին մեղադրել: Միաժամանակ Վելլերը հիշեցրել է, որ Հայաստանը ակտիվ պայքարում էր նացիստական Գերմանիայի դեմ, Սփյուռքի միջոցներով տանկային շարասյուն էր ստեղծվել:
«Այն որ հիմա այնտեղ նման հուշարձան է կանգնած, նույնն է ինչ Մոնղոլիայում՝ Չինգիզ խանի հուշարձանը»,- համեմատել է Վելլերը:
Նա նաեւ նշել է, որ ԽՍՀՄ-ն էլ է 30-ականների վերջին համագործակցել Գերմանիայի հետ, հետո պատերազմ է սկսվել, բայց չէ՞ որ ոչ մեկին չեն մեղադրել նացիստների հետ համագործակցելու մեջ: «Երբ ստիպված ես պայքարել երկրի անկախության համար, շատ տարբեր ոլորաններ են հնարավոր: Մենք չենք արդարացնում նացիստական ռեժիմի հետ համագործակցողներից որեւէ մեկին, բայց հասկանալ կարելի է»
Հիշեցնենք, որ Երեւանում Նժդեհի արձանի տեղադրումը Մոսկվայի կողմից քննադատական արձագանք էր առաջացրել:





























