ԵԽԽՎ-ում տարիներ առաջ Հայաստանը եւ Ադրբեջանը ստանձնել էին Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ու եթե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային ատյաններում դրվեր  պարտավորությունների խախտման խնդիրը, ապա այսօր այլ իրավիճակ կունենայինք:

Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Պաշտոնական Երեւանի չարած քայլերը մտահոգիչ են: Թալիշի վայրագությունների հենց հաջորդ օրը մի քանի փորձագետներս հրավիրվեցինք հանդիպելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ եւ բոլորս շատ համառ ձեւով դրեցինք Ադրբեջանի հանդեպ հետաքննություն սկսելու հարցը: Մեզ հետ հանդիպումից հետո ինքը ուներ հանդիպումներ հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ինձ համար բաց է մնում՝ պաշտոնապես այդ հարցը դրվել է նրա առջեւ, թե ոչ:  ԵԱՀԿ-ն ունի մարդու իրավունքների հանձնակատար, Եվրոպայի խորհուրդը ունի նման հանձնակատար, տեղեկություն չկա՝ որեւէ մեկը դիմել է նրանց, թե ոչ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ եթե մինչեւ օրս ոչ մի պրոցես տեղի չի ունեցել, ենթադրելի է, որ պաշտոնական Երեւանի կողմից ոչ մի դիմում չի եղել:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ինքը նաեւ զուգահեռներ է տարել վրաց-ռուսական պատերազմի հետ՝ հարց բարձրացնելով, թե ինչու պետք է այդ պատերազմի հետքերով ստեղծեր հանձնաժողով, որը կներկայացներ եզրակացություն՝ ով է սկսել պատերազմը, ինչ է տեղի ունեցել, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքում՝ ոչ:

Փորձագետի խոսքով՝ տեղի էր ունեցել ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի հանդեպ, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ էին տեղի ունեցել, որոնք ենթադրում են որոշակի պատիժներ միջազգային իրավունքի տեսանկյունից: 

«Մեզ համոզեցին՝ ոչինչ, որ ձեր դեմ պատերազմ է եղել, շարունակեք բանակցել, ոչինչ որ ձեր դեմ պատերազմ է եղել, մենք այս անգամ չենք ասի, թե ով է դա արել, եւ, ցավոք, մեր արտաքին գործերի նախարարը բավարարվեց, ասելով՝ բոլորը իրենց մտքում գիտեն՝ ով է արել, ինչ է արել, բայց դրա մասին չեն խոսում եւ ընդամենը թղթի վրա երկու որոշում կայացվեց հետաքննության մեխանիզմների ու մոնիթորինգի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: