Եթե այս նախագիծն այս կերպ ընդունվեց, նշանակում է, որ մենք մի հատ գրանիտից տապանաքար պիտի պատվիրենք ու դնենք տնտեսության վրա եւ գրենք՝ վախճանվեց անփառունակ վախճանով: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ՓՄՁ-ների ներկայացուցիչները, տնտեսությամբ զբաղվողներն ահազանգում են, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը. «Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը, ընդամենը հարկերը քամելու համար, հարկային մուտքերը ավելացելու»:

Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է պայքարի մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ. «Կոռուպցիայի դեմ սրբազան պայքար էիք հայտարարել: Էդ ի՞նչ է, կարո՞ղ է կոռուպցիան կամ մենաշնորհները անորսալի Ջոն են, չեք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնել. մոնոպոլիստների տեղն էլ գիտեք, մենաշնորներներն էլ գիտեք, պայքարեք կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, բացի այն, որ այս օրինագիծը ոչնչացնում է մեր փոքր բիզնեսը, նաեւ հարց է առաջանում, թե ինչո՞ւ ավիատոմսերի գումարները չեն մտնում մեր բյուջե: «Պատճառն այն է, որ մեր քաղաքացիները գերադասում են Վրաստանից թռչել, գնալ եվրոպական երկրներ հանգստանալու»,- ընդգծեց Զոհրաբյանը: